Տպել
01.12.2022
Սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար
1 / 12

Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու հանգամանքով: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ:

Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար:

Ատեստավորմանը մասնակցելու եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափը եւ վճարման կարգը նախատեսվում է սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

Դրույթներից մեկով` ատեստավորմանը պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր:

Նշվել է նաեւ, որ սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից:

Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Մերժվել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ներկայացրած առաջարկը: Ըստ Պաշտպանության նախարարի` առաջարկի բովանդակությունը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի բովանդակությանը:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ պայմանագրային զինծառության հայեցակարգը պատրաստ է, որոշ հարցեր են լրամշակվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի` ԶՈՒ-ում առկա որոշակի խնդիրների վերաբերյալ հարցին պատասխանելով` նախարարը նշել է, որ բանակը հասարակության հայելին է, եւ փաստել, որ օրենսդրական ճանապարհով պետք է արմատախիլ անել բոլոր բացասական երեւույթները:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը կարեւոր է համարել ատեստավորման համակարգի ներդրումը ԶՈՒ-ում եւ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Մտքերի փոխանակման ընթացքում Գեղամ Մանուկյանը նշել է, որ ատեստավորման համակարգը գործել է նաեւ նախկինում: Պատգամավորի հավաստմամբ` դեմ չէ նախագծերի փաթեթին:

Ատեստավորման համակարգի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ՊՆ համապատասխան վարչության պետը: Ըստ նրա` հայեցակարգային տարբերություն կա ներդրվող ատեստավորման համակարգի եւ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկի միջեւ:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը կյանքի կոչելով` կփոխվի բանակում աշխատանքային ոճը: Ըստ Սուրեն Պապիկյանի` կլուծվեն մի շարք սոցիալական խնդիրներ, կստեղծվի կադրային բանկ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ օրենսդրական փաթեթը կնպաստի բանակի գրավչության բարձրացմանը, ինչպես նաեւ որակյալ պրոֆեսիոնալ բանակ ունենալուն:

Հանձնաժողովականները քննարկել են «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկները եւ քվեարկությամբ մերժել դրանք:

Հարցը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 1-ի նիստում:


01.12.2022
Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ կազմվել է ծավալուն իրավական փաթեթ, որը ենթադրում է մեծ օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններ. Գեւորգ Պապոյան
Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ կազմվել է ծավալուն իրավական փաթեթ, որը ենթադրում է մեծ օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններ: Հանձնաժողովը, որի համակարգման տիրույթում է գտնվում նաեւ Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ օրենսդրությունը, պետք է ծանոթանա բոլոր կողմերի մասնագիտական կարծիքին եւ ներկայացն...

01.12.2022
Նախագծով կներդրվի շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զար...

01.12.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի վ...

01.12.2022
Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել...

01.12.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.12.2022
Դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: ...