Տպել
30.11.2022
Օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ
1 / 5

Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձեւավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 շենքում, իսկ մնացած 58 տոկոսի դեպքում կառավարման մարմիններ ձեւավորված չեն, կառավարումը պետք է իրականացնեն համայնքները: Արմեն Ղուլարյանի խոսքով հետխորհրդային տարիներին բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձեւավորվել են հիմնականում առանց ընթացակարգերի պահպանման, սահմանված չեն գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջներ: Նրա համոզմամբ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների բացակայության պատճառով անհնար է ապահովել արդյունավետ կառավարում: Առաջարկվող կարգավորմամբ Կառավարությանը կտրվի լիազորություն՝ սահմանելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.:

Հարցն արժանացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ներկայացվել է լրամշակված ու փոխհամաձայնեցված տարբերակը:

Օրենքի ընդունումը միտված է մթնոլորտային օդի պահպանության իրավական եւ կազմակերպչական հիմքերի սահմանմանը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են մասնավոր ընկերությունների համար մոտիվացիոն գործիքների կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության բացասական հետեւանքներին, մոնիթորինգային կենտրոնների տեխնիկական հագեցվածությանը եւ այլն: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթի քննարկումը: