Տպել
30.11.2022
Կներդրվի հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն.ՊԵԿ նախագահի տեղակալ
1 / 3

Կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի, կներդվի հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառումը կիրականացվի նախկինում ներկայացված եւ ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով:

Արթուր Մանուկյանի հավաստմամբ նախատեսվում է վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հաշվին ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացը:

Նշվել է նաեւ, որ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունների մարման, այդ գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացի վերանայմամբ փոփոխություն է կատարվել ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման մասով: Այդ փոփոխությամբ սահմանվում է, որ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով վճարված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման ապրանքների ներմուծման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում:

Շահութահարկի եւ ռոյալթիների փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման հետ կապված առաջարկվում է կիրառել այն նույն կարգավորումները, որոնք նախատեսվում են ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի ռիսկային չհամարվող փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման համար:

ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողը մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ պետք է սահմանված կարգով ներկայացնի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ:

«Օրենքի նախագծի ընդունումը կապահովի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների մարմանն ուղղվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ տնօրինման հնարավորություն»,- ասել է Արթուր Մանուկյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ օրենքի ընդունմամբ կապահովի, այսպես ասած, հաշվապահական ճկունություն տնտեսվարողների եւ ՊԵԿ-ի հարաբերություններում:

Քննարկման արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 30-ի նիստում: