National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
29.11.2022
Ծրագրի գրանցած արդյունքները սկիզբ կդնեն ավելի խոր համագործակցության. տեղի է ունեցել Թվինինգ ծրագրի փակման արարողությունը
1 / 32

Սա մեր համատեղ առաջին Թվինինգ ծրագրի իրագործումն էր, որի հաջող ընթացքը, գրանցված արդյունքները, վստահաբար, սկիզբ կդնեն էլ ավելի խոր համագործակցության: Ծրագրի ընթացքում, բացի ի սկզբանե նախատեսված գործողություններից, նաեւ նոր մտքեր են ծնվել, որոնք հաջողությամբ իրագործվել են մեր խորհրդարանների աշխատակիցների համագործակցությամբ, ձեւավորվել են լավ հարաբերություններ երեք երկրների խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների եւ ոլորտային հանձնաժողովների միջեւ: Վստահաբար, ծրագրի ավարտից հետո էլ ձեւավորված համագործակցությունը շարունակվելու է վերջիններիս միջեւ՝ նպաստելով կարողությունների հետագա զարգացմանը: Ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի փակման արարողության ժամանակ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նաեւ նկատել է, որ ծրագրի շրջանակում ոչ միայն ծանոթացել են գործընկեր երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, այլեւ նրանց են ծանոթացրել Հայաստանի Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր մարմնի, եւ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները՝ ցույց տալով աշխատակիցների կարողությունները, ձեռքբերումներն ու գիտելիքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել, իր խոսքով, Հայաստանի համար շատ կարեւոր ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացումը Հայաստանի օրենսդիր մարմնում՝ նշելով, որ այն իրականացվել է Հայաստանի համար բարդագույն ժամանակահատվածում: «Ազգային ժողովը շատ կարեւոր է Հայաստանում բարեփոխումների իրագործման համար, քանի որ դուք եք օրենսդրություն մշակողը եւ առաջատար դեր կատարողը»,-ասել է նա՝ ընդգծելով  ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի նվիրված աշխատանքը՝ ուղղված ժողովրդավարության արժեքների խորացմանը:

Դեսպանի խոսքով գրեթե յուրաքանչյուր ամիս ծրագրի շրջանակում իրականացվել են միջոցառումներ եւ աշխատաժողովներ՝ ուղղված ԱԺ աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Նա, ինչպես նաեւ ելույթ ունեցող մյուս բանախոսները, հաջողված են գնահատել ծրագրի իրականացումը՝ փաստելով, որ այն ծառայել է իր նպատակին. երեք երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են ամուր կապեր եւ համագործակցություն, ինչը, վստահաբար, շարունակվելու է նաեւ ծրագրի ավարտից հետո:

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն էլ նշել է՝ Իտալիայի Պատգամավորների պալատը սիրով է մասնակցել ծրագրի իրականացմանը՝ փոխանակելով իր փորձը, որի շնորհիվ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի հետ կապերը դինամիկ բնույթ են կրել: Պատգամավորն ընդգծել է՝ Հայաստանի հետ հարաբերություններն ու ընկերությունը դարերի պատմություն ունեն: Երկու երկրները գործակցել են քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու գիտության, այժմ արդեն՝ նաեւ տեխնոլոգիաների ոլորտում: «Իտալիան եւ Հունաստանը մշտապես Հայաստանին դիտարկել են որպես կարեւորագույն գործընկեր, ավելին՝ երեք երկրներն ունեն ընդհանուր արժեքներ արեւմտյան քաղաքակրթությունից, որոնք ծագել են հունական փիլիսոփայությունից»,-ասել է նա: ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացման հարցին անդրադառնալով՝ պատգամավորը վստահեցրել է, որ Իտալիան կշարունակի ցուցաբերել իր աջակցությունը:

Թվինինգ ծրագրի իրականացմանն ու մեթոդաբանությանը, կատարված աշխատանքներին անդրադարձել են ծրագրի պատասխանատուները: Հայկական կողմից ծրագրի ղեկավար Մարի Մանուկյանը փաստել է, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է եւ ստացել շատ ավելի մեծ արձագանք ու ճանաչում, քան ակնկալվում էր սկզբում: Նրա գնահատմամբ նմանատիպ ծրագրերը ոչ միայն հսկայական ազդեցություն են ունենում աշխատանքի որակի, կառույցի ներուժի, կոնկրետ առաջադրանքների իրականացման վրա, այլ նաեւ կարեւոր են մարդկանց միջեւ կապերի, մշակութային շփումների, միմյանց համար առավել ճանաչելի եւ իրական դառնալու տեսանկյունից: Ամփոփելով ելույթը՝ Մարի Մանուկյանն ընդգծել է՝ ծրագրի փակումով ոչ թե ավարտում են համագործակցությունը, այլ սկիզբ դնում առավել խոր ու երկարատեւ նոր փուլի:

Թվինինգ ծրագրի նպատակը Հայաստանի խորհրդարանի կարողությունների ուժեղացումն էր՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության եւ կիրարկման հետագա աջակցության համար: Այդ նպատակով անցած երկու տարիների ընթացքում մեր երկիր են այցելել Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանականներ ու փորձագետներ, ովքեր հանդիպումներ են ունեցել Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարի եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկել փորձի փոխանակմանը, աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցեր: Պարբերաբար տեղի ունեցած աշխատաժողովների եւ քննարկումների ընթացքում խորհրդարանի աշխատակիցներին ներկայացվել են օրենսդրական ընթացակարգերի բարեփոխման մեխանիզմները, ԵՄ անդամ երկրներում խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, խորհրդարանական լսումների անցկացման կարգը եւ այլն: Եվրոպացի փորձագետներն ԱԺ աշխատակիցներին ներկայացրել են նաեւ օրինագծերի մշակման վերաբերյալ իրենց փորձն ու գիտելիքները: Մասնակիցները միմյանց ներկայացրել են իրենց խորհրդարանների աշխատակարգը, օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական  գործառույթների իրականացման գործընթացը: Եղել են նաեւ փոխայցեր:

Մոտ երկու տարի Ազգային ժողովում իրականացված Թվինինգ ծրագիրը Հայաստանի խորհրդարանի հետ համատեղ կազմակերպել եւ իրականացրել են Հունաստանի ու Իտալիայի խորհրդարանները: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել միջոցառման փակման արարողությունը, որին մասնակցել են պատգամավորներ Հայաստանի, Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարաններից, աշխատակազմերի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ «Խորհրդարանի դերը ժողովրդարավության խորացման հարցում. փաստեր եւ մարտահրավերներ» թեմայով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am