Տպել
30.11.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին
1 / 6

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Ազդարարման համակարգի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ նախաձեռնությունն ուղղված է ազդարարման համակարգի կատարելագործմանը: Փոխնախարարը երկու առանցքային փոփոխություն է հնչեցրել. առաջարկվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին սահմանել իրավասու մարմին, որը կհավաքագրի պետական մարմինների կողմից ստացված վիճակագրությունը, որը կհրապարակվի azdararir.am կայքում: ՄԻՊ-ն ազդարարների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու գործիքակազմ կունենա: Քրեադատավարական օրենսգրքի տրամաբանության շրջանակում պաշտպանը վարույթն իրականացնող մարմնին կարող է դիմել՝ ազդարարին համապատասխան պաշտպանության միջոց տրամադրելու նպատակով քայլեր ձեռնարկելու համար: Նախատեսվում է նաեւ ստեղծել ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը, որը նպատակ ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծել գործուն մեխանիզմներ:

Կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մի քանի առաջարկներ է ներկայացրել: «Ազդարարում հանրության» հասկացությունը Կառավարությունն առաջարկում է խմբագրել հետեւյալ բովանդակությամբ՝ հանրությանն ազդարարում  են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, որոնք Քրեական դատավարության օրենսգրքի եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նաեւ որոշ բանավոր առաջարկներ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է լիազորություն իրականացնել առանց azdararir.am հարթակում անմիջական հասանելիություն ունենալու:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Հիշեցնենք, որ նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Արփինե Սարգսյանի խոսքով Կառավարությունը գրավոր երկու առաջարկ է ներկայացրել: Օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերներն առաջարկվում է չդարձնել հաշվառման ենթակա: Առաջարկվում է նաեւ վերանայել փոխկապակցված անձանց շրջանակը: Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուի գործառույթն առաջարկվում է ամեն կառույցում կոնկրետ պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի անձնագրում նախատեսել եւ ունենալ առավել համակարգային մոտեցում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի առաջարկած լրացումը:

Նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել. այս մասին հայտնել է նախագծի համահեղինակ Ալխաս Ղազարյանը:

Կառավարությունը «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացմամբ նախատեսում է նորմ, որով գործադիրը կհաստատի պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կանոնադրության օրինակելի ձեւը: Առաջարկվող կարգավորումը հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...