Տպել
24.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
1 / 1

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ արտահերթ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությունները:

Քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնության նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտներին հետ վերադարձնելն է: Փոփոխության է ենթարկվել օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնել է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում եւս կատարվել են խմբագրական եւ օրենքի՝ ուժի մեջ մտնելու դրույթին վերաբերող փոփոխություններ: Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից. մեկ դրույթ ուժի մեջ կմտնի 2023 թ. հուլիսի 1-ից:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթում կատարված փոփոխությունները խմբագրական բնույթի էին: