Տպել
24.11.2022
Կնախատեսվեն իրավական հիմքեր խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար
1 / 1

Մեր օրենսդրության մեջ ակցիզային հարկի կիրարկումն ունի որոշ անհամապատասխանություններ, ինչը հակասում է նաեւ սպառման հարկերի միջազգայնորեն ընդունված մոտեցումներին: Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: Ուստի առաջարկվում է շտկել կարգավորումը` նախատեսելով իրավական հիմք խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Նախագծով առաջարկվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու ակցիզային հարկի գումարների չափը, դեպքերը եւ կարգը:

«Ավելի հարմարավետ հարկային միջավայր ձեւավորելու նկատառումներով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ այն ապրանքները, որոնք ներմուծվում են, սակայն նախատեսված են հետագա վերարտահանման համար, ենթակա չլինեն ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման: Ակցիզային դրոշմանիշերը ՀՀ-ում իրացվող կամ շրջանառվող ապրանքների նկատմամբ հսկողության գործիքներ են»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խնդրանքով Արման Պողոսյանը ներկայացրել է պարզաբանումներ, թե ակցիզային հարկի գումարների չափի, դեպքերի եւ կարգի սահմանումն ինչու է վերապահվում Կառավարությանը: Նրա խոսքով կարգավորումը լիովին նոր է, եւ անհրաժեշտություն կա ավելի մանրամասն աշխատելու, այդ թվում` խորհրդարանի հետ, հասկանալու, թե որն է փաստարկված չափը: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում կարգավորումները տեղափոխել Հարկային օրենսգիրք` ավելի կայուն ու կանխատեսելի միջավայր ունենալու համար:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: 

Նախագիծն ընդունվել է առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: