Տպել
27.10.2022
Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան
1 / 3

Մադրիդյան այդ փաստաթղթով խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ չհամաձայնելով ՀՀ վարչապետի այն հայտարարության հետ, որ Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է:

Լրագրողի՝ ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ ակտիվության տարբեր ցուցիչներ կան, ակտիվությունը միայն հանրահավաքը չէ, ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է, հանրությանը տարբեր ձեւաչափերով այս կամ այն խնդրի, հատկապես, հիմա Հայաստանի շուրջ ծառացած հիմնախնդիրների շուրջ ահազանգումն է:

«Մեր գործիքակազմի մեջ կան ե՛ւ հանրահավաք, ե՛ւ բողոքի այլ գործողություններ, որոնք հարկ եղած դեպքում գործի են դրվելու»,- ասել է Գեղամ Մանուկյանը:

Նա վստահեցրել է, որ առնվազն վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենք հանրային քննարկումներ են անցկացրել: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ ընդդիմությունը քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով քննարկումներ է անցկացրել, սակայն դրանք կիսատ են մնացել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով:

«Ազգային ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում, չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ տեսնել, թե ինչպես է մեր բոլորի գնացքը, որի մեջ ենք մենք բոլորս, գլորվում անդունդը»,-նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Պատասխանելով լրագրողի՝ առաջիկայում Սոչիում կայանալիք եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման օրակարգի վերաբերյալ հարցին՝ Գեղամ Մանուկյանը փաստել է, որ Սոչիի հանդիպման հետ կապված շատ հարցականներ կան:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...