National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
13.10.2022
Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ կրակում են քեզ վրա, մինչ օկուպացնում են քո տարածքը. Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ռուբեն Ռուբինյանը նշել է.

«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու եւ փաստերը հաստատելու համար:

Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարեւանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն եւ չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պարոն Գավանն այդ ամենը ներկայացրեց:

Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց: Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թ.: Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ: Հիմա՝ մի քանի ամիս անց, ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, եւ կան կադրեր, որտեղ երեւում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից: Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները նախկինում չեն դատապարտվել:

Հարգելի՛ գործընկերներ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատրաստվում է ելույթ ունենալ ինձնից հետո: Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել: Նա պատրաստվում է ասել, որ պարոն Գավանը, տիկին Աբերգը եւ մյուս բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա, բայց Հայաստանն արժանի էր դրան: Ինչո՞ւ: Որովհետեւ դա իր գործն է: Պարոն Սամադ Սեիդովի գործն է այստեղ արդարացնել իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործությունները:

Այս կազմակերպությունում խաղաղության մասին խոսելու անհրաժեշտությունից ելնելով՝ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ ԵԽԽՎ նախագահ պարոն Քոքսն ինձ եւ պարոն Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի նիստի շրջանակում: Այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ: Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, ու ես չգնացի Փարիզ:

Հարգելի՛ գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է:

Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկանում այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է: Հասկանում եմ:

Բայց սա այլ է: Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարեւանի վրա եւ օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»: