Տպել
10.10.2022
Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, քանի որ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով. Վահագն Ալեքսանյան
1 / 5

Վարչապետի՝ Պրահայից անմիջապես ՌԴ այցը նախապես պլանավորված է եղել: Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, մենք դաշնակից երկրներ ենք եւ շարունակում ենք դաշնակցային հարաբերությունները: Կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք դրանք եւ մեր գործընկերների հետ աշխատում ենք: Սպասում ենք հստակ քայլերի եւ գործողությունների, որոնք վերաբերում են մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ պայմանագրային մեխանիզմների գործարկմանը: Ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա: Այո, Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, քանի որ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: ԵՄ առաքելությունը, միանշանակ, կնպաստի կայունացմանը եւ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,- ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԵՄ առաքելության տեղակայման ժամկետի մասով նշել է, որ այս պահին հստակ ժամկետ պարզ չէ, սակայն տեղակայումն ակնկալվում է մինչեւ ամսվա վերջ:

«ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման եւ բանակցելու ենթակա չէ: Պաշտոնապես եւս մեկ անգամ հայտարարում եմ՝ չկա ընդհանրապես ինքնիշխան մեր տարածքից որեւէ միջանցքի մասին խոսակցություն որեւէ պաշտոնական բանակցությունում: Սրա մասին փաստում են բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակվել են տարբեր ձեւաչափերով: Սրանք ադրբեջանական կողմից ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությունն ուղիղ ու աներկբա արձանագրում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաեւ իրենց համար: «Չի կարող խոսք լինել որեւէ միջանցի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում»,- փաստել է խմբակցության ներկայացուցիչը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ միջազգային մեխանիզմներով է Ստեփանակերտը բանակցելու Բաքվի հետ:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ որեւէ մեկին վերջնական հայտնի չեն այդ մեխանիզմները, քանի որ դրանք դեռեւս քննարկման փուլում են: Նրա գնահատմամբ՝ խոսքն արդյունավետ մեխանիզմի մասին է, որով երկխոսությունը հնարավորինս կստացվի, կապահովվեն արցախահայության իրավունքներն իրենց հողում:

Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ էլ՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի, եւ ձեւաչափը լինի հնարավորին արդյունավետ եւ գործող: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ԼՂ հայության անվտանգությունը եւ իրավունքները շարունակում են մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ԼՂ հիմնահարցը տարբեր են: «ԼՂ հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային հարց, չի եղել հողային հարց, եղել է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց: Այս երկու հարցերում հակասություն չկա, եւ երկուսն էլ՝ եւ՛ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ՛ տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքի սկզբունքներ են, չկա հակասություն: Այսինքն՝ ճանաչելով որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը՝ չի նշանակում, որ այլ հարցեր, որոնք կարող են լինել այդ երկրի հետ կապված, դրանով փակվում են: Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին»,- պարզաբանել է պատգամավորը: