National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.10.2022
Հայաստանն անվտանգության հարցում երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին
1 / 5

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա:

Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքը քաղաքական ակտիվ երկխոսությունն է բոլոր մակարդակներում, մասնավորապես, մեր երկրների ղեկավարների միջեւ, որոնք նախանշում են համագործակցության դինամիկան բոլոր ոլորտներում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝ կարեւորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝ փաստելով, որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ ունենալով զարգացման հստակ՝ կոլեգիալության եւ ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր:

Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:

«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ: «Հայաստանն անվտանգության հարցում երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին եւ Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին: