Տպել
10.10.2022
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը. Թագուհի Թովմասյան
1 / 2

Թեեւ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող աշխատանքներին չենք մասնակցում, սակայն ակտիվ մասնակցություն ենք ունենում խորհրդարանական մյուս ճակատներում, ինչպես նաեւ միջազգային հանդիպումներում. ասել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա նաեւ տեղեկացրել է, որ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ, տարաբնույթ զեկույցներ եւ  նամակներ է ուղարկել միջազգային գործընկերներին՝ սկսած գերիների դաժան գնդակահարությունների, վերջացրած Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների արձանագրումներով:

Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Արցախի ապագային վերաբերող հարցին, նշել է, որ Արցախն Ադրբեջանում ապագա չունի, եւ  ըստ նրա, որեւէ արցախցի չի կարող Արդրբեջանի կազմում ապրել ապահով, իր իրավունքների պաշտպանությամբ: «Դա անհնար է, մոլորություն է, եւ որեւէ կերպ մենք չպետք է թույլ տանք, որ նման բան տեղի ունենա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Ստեփանակերտի եւ Բաքվի բանակցությունները՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ նման բան որեւէ կերպ չի պատկերացնում. «Եթե Արցախը չճանաչված հանրապետություն է, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում նրանց կարգավիճակը, ուրեմն պետք է առաջին հերթին ճանաչել Արցախը, այնուհետեւ, իրավական կարգավիճակ ունենալուց հետո, հնարավոր լինի որպես այդպիսին բանակցությունների սեղանին նստել»:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը: