Տպել
04.10.2022
Օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Արդարադատության ակադեմիայի կառավարման մոդելի արդիականացմանը
1 / 2

Ներկայում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն ունի 7 անդամ. առաջարկվում է խորհրդի կազմն ընդլայնել եւս 6-ով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խորհրդարանականներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է հոկտեմբերի 4-ի ԱԺ հերթական նիստում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունմամբ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեները հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու դատավորներ, դատախազներ ու  քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող մարմնի՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը:

Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ որոշակի փոփոխություններ են նախատեսվել քվորումի ապահովմանը, նիստերի հրավիրմանը վերաբերող կարգավորումներում:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ փորձ է արվում վերաձեւավորել Արդարադատության ակադեմիայի կառավարման մոդելը՝ արդիականացնել այն: Նա կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին: