Այս պահի դրությամբ բարձրլեռնային բնակավայրերում բնակվող աշխատավորները, որպես լրավճար սահմանված աշխատավարձին, ստանում են 8.000 դրամ: Հետագայում, եթե լրավճարի վերանայման կարիք լինի, ապա այս լիազորող նորմը կտա այդ հնարավորությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հոկտեմբերի 4-ի հերթական նիստում:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով ապահովվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանող` Կառավարության 2015 թ. որոշման լիազորող նորմը:
Բացի լիազորող նորմից՝ նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ «բարձրլեռնային բնակավայր» հասկացությունը: Այս պարագայում դրանք ծովի մակերեւույթից 2.000 մետր եւ ավելի բարձրության վրա գտնվող բնակավայրերն են: Դրանց ցանկը կսահմանի ՀՀ կառավարությունը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ նախագծով աշխատավարձի բարձրացում կամ փոփոխություն չի սահմանվում: «Այն, ինչ կար սահմանված Կառավարության որոշմամբ, ամրագրում ենք դրա իրավական հիմքերն օրենքում»,- պարզաբանել է նա:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: