Տպել
04.10.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 4

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ հաստատելով նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին: Բուհերի եւ մասնագիտությունների ցանկը հաստատելու է Կառավարությունը: Արտոնությունից կարող են օգտվել բակալավրիատում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող ուսանողները: Առաջարկվող երկրորդ փոփոխությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից բարձրացվում է 28-ի: «Սա արվում է, քանի որ այսօր հանրակրթության տեւողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Այդ սահմանափակումը 27 տարի էր այն ժամանակ, երբ հանրակրթությունը 10 տարի տեւողություն ուներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սրանով կլուծվի խնդիրը, եւ ասպիրանտուրայում սովորող ուսանողները ստիպված չեն լինի ասպիրանտուրայի երկրորդ տարում ամեն կերպ ավարտել դիսերտացիան եւ պաշտպանել այն:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: