Տպել
28.09.2022
Բարելավվում է քաղաքաշինության ոլորտի օրենսդրությունը
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստի բոլոր նախագծերը վերաբերել են քաղաքաշինության ոլորտին:

Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է հիմնովին վերանայել քաղաքաշինության ոլորտի լիցենզիաների կարգը:

Ներկայումս քաղաքաշինության ոլորտում գործում են տարբեր լիցենզիաներ` նախագծման, շինարարության իրականացման, հսկողության եւ գործունեության այլ տեսակների համար: Սակայն տարբերակում չկա` բարդության եւ ռիսկայնության ի՞նչ աստիճան ունի կառուցվող օբյեկտը: Այսինքն` ավտոտնակ կառուցելու եւ բազմաբնակարան շենք կառուցելու դեպքում գործում է լիցենզավորման նույն կարգը` նույն պահանջներով եւ նույն տուրքի չափով:

Այժմ առաջարկվում է դրանք տարանջատել եւ յուրաքանչյուր լիցենզիայի համար ներդնել 3 կարգ` ըստ բարդության աստիճանի: Սահմանվում են քաղաքաշինական գործունեության օբյեկտների ըստ ռիսկայնության, բնագավառում լիցենզավորման, մասնագիտական գործունեության որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների, ենթատեսակների եւ դասային աստիճանների, քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների, բնագավառում պետական կառավարման մարմնի մի շարք լրացուցիչ գործառույթները: Տարբերակված է լինելու նաեւ տուրքի չափը: Առավել բարդ, ռիսկայնության բարձր աստիճան ունեցող օբյեկտների դեպքում տուրքը կլինի ավելի բարձր, քան հիմա, մյուսների դեպքում կմնա նույնը կամ կլինի ավելի ցածր:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի` նախագծերի փաթեթով իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացմամբ, «Քաղաքաշինության մասին» օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմամբ, ինչպես նաեւ մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ:

Հաջորդ նախագիծն ուղղված է վթարային շենքերի խնդրի լուծմանը: Այսօր հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող ավելի քան 600 բազմաբնակարան շենք եւ 1200 բնակելի տուն: Ինչպես նշել է  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում նախատեսող նախագծով կառավարության համար լիազորող նորմեր կսահմանվեն` անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման եւ վերակառուցման` 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող եւ քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով: Նշված նորմերի սահմանումը հնարավորություն կտա նախ մշակել եւ ընդունել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, այնուհետեւ դրանցով սահմանված մոտեցումների եւ առաջնահերթությունների համաձայն` իրագործել  հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրեր: Նախագծի ընդունման դեպքում Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում իրավասու կլինի սահմանելու ուժեղացման ու վերակառուցման եւ քանդման ենթակա` վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով` մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմամբ կլուծվեն վթարային շենքերի խնդիրներն ու բնակիչներին նոր բնակարանով ապահովելու հարցերը: Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` Արմեն Ղուլարյանը շեշտադրել է բազմաբնակարան շենքերի շահագործման ընդհանուր պատասխանատվության անհրաժեշտությունը:

Նախագծերի երրորդ փաթեթով` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», առաջարկվում է հստակեցնել ՀՀ տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման կամ առանց քանդման թույլտվության քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման իրավական հիմքերը: Ներկայումս գործող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության ժամկետների եւ դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման, ինչպես նաեւ առանց սահմանված կարգով ձեռքբերված քանդման թույլտվության` ապամոնտաժման/քանդման միջոցառումների ինքնակամ կատարման եւ որպես հետեւանք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների: Օրենսդրական փաթեթով փորձ է արվում հստակեցնել ոլորտում առկա խնդիրներն ու դրանց տալ որոշակի լուծումներ:

Հանձնաժողովականներն օրենսդրական նախաձեռնություններին տվել են դրական եզրակացություն: