Տպել
27.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում: Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայից հետո համերաշխության այցի համար:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը: Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ: «Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- անդրադառնալով հետպատերազմյան Արցախին` հանդիպումը եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: