Տպել
26.09.2022
Քննարկումների առանցքում եղել են լրատվամիջոցների խնդիրները
1 / 7

Պատերազմից հետո մեդիադաշտի խնդիրները մեզ մոտ այլ կերպ են ընկալվում, որովհետեւ առաջնահերթ դիտարկում ենք պատերազմական եւ հետպատերազմական խնդիրները. նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպման ընթացքում: Պատգամավորը հյուրընկալել էր Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուին եւ միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյիին:

Թագուհի Թովմասյանը, բարձրաձայնելով մեդիադաշտում առկա խնդիրները, անդրադարձել է սահմանում Ադրբեջանի կողմից պատերազմը լուսաբանող լրագրողների թիրախավորման փաստին: Նրա խոսքով՝ թիրախավորումը շարունակվում է մինչ օրս նաեւ սոցիալական ցանցերի միջոցով: Պատգամավորը կարեւորել է երկրում խոսքի ազատությունը, մեդիահավասարությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանում կա մեդիագրագիտության խնդիր: «Այս դաշտում պայքարելիս չենք հաջողում, քանի որ ատելության խոսքը շարունակում է մեզ մոտ մեծ լսարան ունենալ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը: Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանությունը պիտի քայլեր ձեռնարկի այս ոլորտի խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

Նա նաեւ անդրադարձել է մեդիադաշտին առնչվող օրենսդրությանը եւ հավելել, որ որոշ դեպքերում խնդիրները չեն քննարկվել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մարտինա Շմիդտը խորհրդարանի հանձնաժողովների եւ խմբակցությունների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Արդիտա Աբդիուն շնորհակալություն է հայտնել Թագուհի Թովմասյանին մեդիադաշտի կարիքների գնահատման վերաբերյալ զեկույցի քննարկմանը սեպտեմբերի 27-ին մասնակցելու համաձայնության համար: Միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին կարեւորել է ոլորտում իրականացվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ ներկայացված դիտարկումները կնպաստեն մեդիադաշտի բարեփոխման աշխատանքներին: