Տպել
26.09.2022
Քննարկվել են մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր
1 / 5

Ամիսներ առաջ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ: Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի բարելավմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ Խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուն եւ միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին:

Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ Կառավարության հնգամյա ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, առանձին բաժին վերաբերում է մեդիադաշտի կարգավորումներին:

Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա կարեւորել է հանձնաժողովի նախագահի հետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ միտված մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին:

Արդիտա Աբդիուն Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման շրջանակում Սիսակ Գաբրիելյանին ներկայացրել է «Մեդիաազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ» թեմայով կատարված ուսումնասիրության արդյունքները:

Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տարեցտարի մեծանում է օնլայն մեդիայի ազդեցությունը: Նա նշել է, որ, ցավոք, ՀՀ-ում այս առումով չկան հստակ կարգավորումներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե վնասեն, այլ ծառայեն խոսքի ազատությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել համատեղ քննարկումներ՝ միտված մեդիաոլորտի բարեփոխումներին: