Տպել
24.09.2022
Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գորիս
1 / 2

Մեր երկիր այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին այցելել է Գորիս:

Հյուրերը նախ հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի եւ ԱՀ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի հետ: Արցախցի պաշտոնյաները մանրամասն ներկայացրել են Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որի նպատակն է հայաթափել Արցախը: Նրանք տեղեկացրել են հրադադարի հաստատումից հետո մարդու իրավունքների լայնածավալ խախտումների մասին: Կարեւորվել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վարած քաղաքականության խստագույն եւ հասցեական դատապարտումը: Նրանք բարձրաձայնել են Արցախի կարգավիճակի հարցը, արցախահայության անվտանգության խնդիրները:

Մարկ Դեմեսմեկերն իր հերթին կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը` դիվանագիտական ճանապարհով եւ երկխոսության շնորհիվ, այլ ոչ թե պատերազմի եւ զենքի միջոցով:

Այնուհետեւ բելգիացի խորհրդարանականները հանդիպել են Արցախից տեղահանված անձանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:

Օրվա ավարտին հայ եւ բելգիացի պատգամավորներն այցելել են 1000-ից ավելի բնակիչ ունեցող Ակներ համայնք, տեղում ծանոթացել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով առաջացած ավերածություններին: 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ:

Հյուրերին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբի անդամներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Շիրակ Թորոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Թադեւոս Ավետիսյանը եւ սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: