National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.09.2022
Արմեն Գեւորգյանի հայտարարությունն Իզմիրում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հայտարարությամբ է հանդես եկել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

«Հարգելի՛ նախագահող, հանձնաժողովի հարգելի՛ անդամներ, որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող՝ իմ առաջին հայտարարության մեջ կցանկանայի ուրվագծել այն հիմնական խնդիրները, որոնց վրա մտադիր եմ կենտրոնանալ:

Գործընկերնե՛ր, ինչպես գիտեք, COVID-19-ը, մեծ մարտահրավեր հանդիսանալով ամբողջ մարդկության համար, առանձնահատուկ խնդիր էր դարձել նաեւ Եվրոպայի խորհրդի համար: Նկատի ունեմ մեր աշխատանքի սահմանափակումները, որոնք միանշանակ նվազեցրել են կազմակերպության ներսում փոխգործակցության մակարդակը: Անհրաժեշտ կլինի տեղական ժողովրդավարության հարցերի առումով նոր թափ հաղորդել Եվրոպայի խորհրդի ինստիտուտների համատեղ աշխատանքին եւ փոխգործակցությանը:

Երկրորդ, մենք պետք է կենտրոնանանք այն հիմնական մարտահրավերների բացահայտման եւ քննարկման վրա, որոնք մեր հասարակություններում խարխլում են սոցիալական համերաշխության անհրաժեշտ մակարդակը: Դա համապատասխանաբար ազդում է տեղական ժողովրդավարության որակի եւ տեղական ու տարածաշրջանային իշխանությունների աշխատանքի վրա:

Այս երկրորդ անելիքի համատեքստում է, որ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի խորհրդի շատ երկրներում արդիական են դառնում մի շարք հարցեր: Ոչ միայն դաշնային եւ կենտրոնական կառավարություններն են բախվում մեծ մարտահրավերների, այլեւ՝ տարածաշրջանային եւ տեղական իշխանությունները: Սակագների բարձրացումը հանգեցնում է ոչ միայն բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի նվազեցմանը, այլեւ ազդում է քաղաքային եւ տարածաշրջային իշխանությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Կարեւոր է ապահովել առողջապահական հաստատությունների, կրթական, մշակութային, սպորտային եւ այլ ծառայությունների անխափան եւ առավելագույնս արդյունավետ գործունեությունը:

Կանխատեսվում է համայնքներում անվտանգության ընդհանուր վիճակի վատթարացում, հանցավորության եւ կոռուպցիայի պոտենցիալ աճ: Բնակչության ֆինանսական եւ այլ սոցիալական աջակցության խնդիրները լուծելիս տեղական շատ իշխանություններ կարող են բախվել բյուջետային խնդիրների: Նման օգնության տրամադրումը կամ բացակայությունը կարող է քաղաքացիների հավասարության եւ հանրային միջոցների ու ռեսուրսների  արդար բաշխման խնդիրներ առաջացնել:

Ընդհանրապես, նման դժվարություններն ու խնդիրները կարող են խարխլել հասարակության մեջ սոցիալական վստահության հիմքերը եւ նվազեցնել իշխանությունների հեղինակության եւ լեգիտիմության մակարդակը:

Սոցիալական բողոքները կարող են սրվել, ինչն էլ կարող է հանգեցնել նոր, ոչ ստանդարտ քաղաքական գործընթացների: Սա կարող է հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների նոր մարտահրավերների:

Ելնելով վերը նշվածից՝ կարեւոր ու տեղին է, որ Եվրոպայի խորհուրդն իր համապատասխան կառույցների միջոցով մշտապես վերահսկի հետեւյալ խնդիրները.

1. Արդյունավետ եւ շարունակական համագործակցությունն անդամ պետությունների կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների միջեւ՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամի դժվարություններն ու հետեւանքները՝ տեղական ինքնակառավարման մարմինների լավագույն կարողությունները պահպանելու եւ, մասնավորապես, բյուջետային հարաբերությունների առումով:

2. Անդամ պետություններում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների եւ ժողովրդավարության նորմերի պաշտապանություն եւ, արդյունքում, հասարակություններում սոցիալական համերաշխության բարձր մակարդակի պահպանում՝ ավելի արդյունավետ եւ պատասխանատու տեղական ժողովրդավարության համար»,- եզրափակել է Արմեն Գեւորգյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am