Տպել
23.09.2022
Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տեւած այս զանգվածային ագրեսիայի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլեւ նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:

Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին:

Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը եւ հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:

Գործընկերնե՛ր,

այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջեւ: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ եւ անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից եւ օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

Մեր կազմակերպության լռությունն ու  մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որեւէ կերպ չի պատժվում  հարեւանի դեմ իր ագրեսիայի համար եւ շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները:

Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին եւ նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով:

Փաստորեն երկակի ստանդարտների եւ աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում: Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում եւ գործողություններում:

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն էր: Եւ չնայած վերջին շրջանում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը ջանում են հաղթահարել իսկապես հսկայական մարտահրավերներ, մեր ազգը շարունակելու է պայքարել եւ ապրել արժանապատիվ: Արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել եւ ստեղծել է աշխարհի այս հատվածում: Մենք միշտ կառուցել եւ ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված:

Սա վերաբերում է նաեւ այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել եւ ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային եւ պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական եւ հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից: Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար եւ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը եւ այլք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...