Տպել
16.09.2022
Ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել հարցերը եւ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. Արթուր Հովհաննիսյան
1 / 4

Մենք ամեն ինչ անում ենք, որ բանակցությունների միջոցով կարողանանք կարգավորել այս հարցերը եւ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

Խմբակցության քարտուղարը հավելել է, որ բանակցություններում որեւէ առաջընթաց չկա, հետեւաբար անիմաստ է խոսել իրավիճակի մասին, որն արդյունք չի տվել: «Երբ արդյունք, որեւէ առաջընթաց կլինի, մոտարկում կլինի մեր եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ, մենք այդ մասին կհայտարարենք»,-նշել է պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցել է նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինիս պնդմամբ՝ պետք է զգոն լինել, մեր զինված ուժերը համապատասխան տեղակատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունեն, անհրաժեշտության դեպքում պետք է գտնել նման զարգացումները կանխող ռեսուրսներ եւ կառավարման միջոցներ:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու զոհերի, վիրավորների, գերիների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կհրապարակվեն վերջնական ճշտված տվյալներ: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ չճշտված տեղեկատվությունը կարող է հակամարտող կողմերի ուժային կառույցներին ավելի մեծ վնաս հասցնել:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:

«Նշված հայտարարությունները հիմք են լինելու մեր հետագա դիվանագիտական աշխատանքի եւ միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ մեծացնելու համար: Սա է այս պահի ձեռքբերումը: Արձանագրենք, որ հարցը մտել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Մինչ այս պահը նման նախադեպ որպես այդպիսին չէր եղել»,- նշել է Արթուր Հովհաննսիյանը: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի գործողությունները:

Անդրանիկ Քոչարյանը հավելել է, որ միջազգային հարթակներում այս արձագանքները կապված են մեր զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների հետ: Պատգամավորն այս օրերին կարեւորել է երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ապահովումը: