Տպել
14.09.2022
Սովորելու առնչությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28
1 / 3

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սովորելու առնչությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28: Մեկ այլ առաջարկով նախատեսվում է Կառավարությանը լիազորել, որպեսզի նա յուրաքանչյուր տարի, ըստ իր որոշման, կարողանա տարկետում տալ բուհ ընդունված կամ կրթական տարբեր ծրագրերում՝  մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում այն սովորողներին,  որոնց դեպքում Կառավարությունը կորոշի, որ դա բխում է Հայաստանի գերակայություններից:

Տարկետման պայմանները, բուհերի եւ մասնագիտությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Վերոնշյալ լրացումը վերաբերելու է բացառապես բնագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական եւ մաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններին: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Պատասխանելով Հովիկ Աղազարյանի հարցին՝ նախարարը հայտնել է, որ գործող օրենքով բանակից տարկետում ստանում են Կառավարության որոշմամբ՝ նշանակալի նվաճումների համար եւ այն ժամանակ, երբ սովորողը դիմում էր գործադիրին, իսկ նոր օրենքով Կառավարությունը նախօրոք է սահմանում մասնագիտությունների ցանկը եւ տեղերը:

Զորակոչի տարիքը 27-ից 28 բարձրացնելը նախարարը հիմնավորեց նրանով, որ այսօր դպրոցը դարձել է 12-ամյա՝ 18 տարեկանում են այն ավարտում, եւ ասպիրանտուրա 3 տարով սովորողներն արդեն 2-րդ տարում՝ 27 տարին լրանալուն պես, զորակոչվում են բանակ եւ չեն հասցնում պաշտպանել թեկնածուական թեզը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վիլեն Գաբրիելյանը: