Տպել
12.09.2022
Միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը
1 / 2

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգումից 3 օր առաջ պետք է տեղեկացնի ստուգվող տնտեսվարողին՝ նրա մոտ նախատեսված ստուգման մասին: Սա կանխատեսելի է դարձնում ստուգումները տնտեսվարողի համար, նա ավելի պաշտպանված է դառնում: Տեսչությունը ստուգում է նաեւ աշխատանքային պայմանագրի պատշաճությունը կամ դրա առկայությունը՝ թաքնված աշխատուժը, եւ այս դեպքում եռօրյա ծանուցումը ստուգումը դարձնում է անիմաստ: Մեր առաջարկած փոփոխությամբ միայն թաքնված աշխատուժի հայտնաբերման դեպքում տեսչական մարմինը կարող է չպահպանել եռօրյա ծանուցման պահանջը: Այս մասին ասել է պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ ներկայացնելով իր եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենսդրական նախագիծը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքով կան բացառություններ՝ եռօրյա ժամկետի բառացման համար: «Երբ երեք օր առաջ զգուշացնում եք, որ գալու եք ստուգելու, այդ թվում՝ թաքնված աշխատուժը, ապա նրանք, ովքեր աշխատում են առանց պայմանագրի, բնականաբար, այդ օրն աշխատանքի չեն գա: Հետեւաբար, իրական պատկերը չի արձանագրվի, պարզ չի լինի, թե որքան ստվերային աշխատողներ կան: Սա այն դեպքն է, երբ եռօրյա ժամկետի բացառումն արդարացված է»:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 12-ին:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Հովիկ Աղազարյանն ընդգծել է նախագծի ընդունման կարեւորությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը եւ առաջարկները: 

Խորհրդարանը քննարկել է նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Գլխադասային հանձնաժողովում քննարկման մանրամասները՝ այստեղ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: