Տպել
12.09.2022
Նախաձեռնությամբ ակնկալվում է մեր երկրում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ
1 / 3

Հայաստանի Հանրապետությունում «Զենքի մասին» օրենքն ընդունվել է 1998 թ. եւ դրանից ի վեր, բացի որոշ պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, այն երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Այս մասին ասել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ գործող օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքն ու փոխհարաբերությունները զենքի շրջանառության ոլորտում: «Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական քաղաքացիական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով»,- նշել է պատգամավորը: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է Ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատասխան ծառայողական զենքը՝ ծառայողական պարտականություններից դուրս:

Ըստ համահեղինակի՝ օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն առկա իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, որոնք մինչ այս պահը պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են:

«Նախաձեռնությամբ ակնկալվում է մեր երկրում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը»,- ընդգծել է Վիլեն Գաբրիելյանը:

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, որսորդությամբ, հրաձգությամբ եւ ռազմամարզությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:

Պատասխանելով պատգամավորների հարցադրումներին՝ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ուղղված է ոչ թե ոլորտի ազատականացմանը, այլ կարգավորմանը: Պատգամավորը հնարավոր է համարում փոփոխությունների արդյունքում հանցագործությունների քանակի ավելացման ռիսկը, սակայն, ըստ Վիլեն Գաբրիելյանի, ներդրվող քննական կարգը կնպաստի վերահսկելու այդ ռիսկը:

Հարակից զեկույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ հարցը մանրամասն ուսումնասիրվել եւ քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նա նշել է, որ նախաձեռնությունը բազմիցս քննարկվել է հեղինակների հետ, կատարվել է մեծածավալ աշխատանք: Արա Ֆիդանյանի խոսքով՝ Կառավարության ներկայացրած որոշ առաջարկների շուրջ ձեռք են բերվել համաձայնություններ, սակայն կան որոշ դրույթներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում: