Տպել
12.09.2022
Քննարկվել են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումները
1 / 4

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առկա տարընթերցումները, իրավական անորոշությունները եւ հակասությունները բացառելու համար առաջարկվում է հստակ շարադրել, որ գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: Այդ պահանջը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքից` ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Մանրամասները՝ այստեղ:

Խորհրդարանը սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Էմմա Պալյանի, ինչպես նաեւ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ նախատեսող երկու օրենսդրական նախագիծ:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»՝ հաջորդ օրենքի լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է:

Կարգավորումների մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:

Լուսինե Բադալյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համապատասխան՝ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաեւ պայմանագրով եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված հիմնական աշխատավարձը»:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ առաջարկվող խմբագրությամբ օրենքի ընդունումը ՇՄԶ գործընթացում բժշկական հաստատությունների համար առաջացնելու է ֆինանսական, մարդկային ռեսուրսների եւ աշխատանքի բաժանման անհամամասնություն: Կարեւորելով բուժաշխատողների պաշտպանվածությունը՝ Կառավարությունն առաջարկել է նախագիծը լրամշակել. աշխատանքային պայմանագրով նախատեսված հարաբերությունների, այդ թվում՝ աշխատավարձի կարգավորումը թողնել գործատուի եւ բուժաշխատողի փոխադարձ համաձայնության վրա:

Նարեկ Զեյնալյանի ներկայացմամբ՝ նախագիծը քննարկվել է նախարարության եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ: Նա նշել է, որ որոշակի հարցեր կան, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Քննարկված նախագծերը գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից արժանացել են դրական եզրակացության: