Տպել
12.09.2022
Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները
1 / 1

«Աշխարհագրական նշումների մասին» գործող օրենքով կարգավորվում են աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Օրենքը մշակվել է Եվրոպական խորհրդարանի եւ խորհրդի 2012 թ. նոյեմբերի 21-ին ընդունված կանոնակարգի հիման վրա եւ համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում: Հայաստանում գրանցված աշխարհագրական նշումների ճանաչման եւ իրավական պահպանության ապահովման նպատակով չափազանց կարեւոր է, որ օրենքում կատարված փոփոխություններով չխաթարվի այդ համապատասխանությունը եւ վերացվեն տեղ գտած անհամապատասխանությունները: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով գործող օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Գործող օրենքը համադրվել է ԵՄ կանոնակարգերով, լրացուցիչ առաջարկություններ են տրամադրվել հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացների շրջանակում ներգրավված ԵՄ փորձագետների կողմից: Համադրությամբ պարզվել է, որ հստակ տարանջատված չեն աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը եւ հսկողությունը կարգավորող դրույթները:

Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ  Կառավարության հեղինակած ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: