Տպել
08.09.2022
Առաջարկվում է ՇՄԶ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանել բուժաշխատողների աշխատատեղը եւ աշխատավարձը
1 / 7

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է:

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում:

Հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով. «Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի չորրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համապատասխան՝ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ինչպես նաեւ պայմանագրով եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված հիմնական աշխատավարձը»:

Հեղինակները քննարկումներ են ունեցել բուժհաստատությունների տնօրենների, բժիշկների հետ, որոնք դրական են գնահատել նախաձեռնությունը:

Խնդիրն այն է, որ 2023 թ. հունվարի 1-ից սկսելու է գործել բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտավորման գործընթացը: Բժիշկները 5 տարում պետք է հավաքեն 220, բուժքույրերը՝ 140 կրեդիտ: Եթե բուժաշխատողներն այդ ժամանակահատվածում չհավաքեն համապատասխան կրեդիտները, ապա չեն կարողանա պահպանել իրենց աշխատատեղը: Հեղինակները պարզաբանել են, որ ավելի կրեդիտներ հավաքելու պարագայում առաջարկվող կարգավորումը չի գործելու:

Կառավարությունը ներկայացրել էր որոշ առաջարկներ, որոնց մի մասը հեղինակներն ընդունել են: Չի ընդունվել դրանցից մեկը, որով առաջարկվում էր այլ կերպ ձեւակերպել լրացումը: Կառավարության կարծիքով, եթե նախագիծն ընդունվի այն տեսքով, ինչպես առաջարկում են հեղինակները, ապա բուժհիմնարկների վրա հավելյալ ֆինանսական բեռ կավելանա: Այս տեսակետի հետ համամիտ չէին հեղինակները:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հեղինակներին առաջարկել է շրջանառությունից հանել նախագիծը եւ վերստին քննարկել այն:

Հեղինակները չեն ընդունել Կառավարության այս առաջարկը:

Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


08.09.2022
Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունն անհրաժեշտ պայման՝ լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մ...

08.09.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...