Տպել
31.08.2022
Քննարկվել է հրավառությունների կազմակերպմանն ու արգելմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը
1 / 7

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին անցկացվել է աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր հրավառությունների կազմակերպմանը, նաեւ դրանց արգելմանը:

Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ դեռեւս 1,5-2 տարի առաջ էր Կառավարությունը հրավառություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, սակայն վրա հասած համավարակը, հետո նաեւ պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել են հարցի կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտնել է, որ պարբերաբար դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների պատճառած աղմուկի համար: Գրեթե յուրաքանչյուր տարի գրանցվում են նաեւ դժբախտ պատահարներ, օրինակ` նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, իսկ մի տարեց քաղաքացի էլ հրավառության աղմուկից սրտի կաթված էր ստացել:

Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով` Կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը որոշակի սահմանափակումներ էր առաջարկում հրավառական նյութերի ներմուծման եւ գործածման հետ կապված: Մասնավորապես, առաջարկվում էր թույլ չտալ, որպեսզի մասնավոր անձինք իրենց անձնական միջոցառումների ժամանակ հրավառական նյութեր օգտագործեն: Կառավարությունը նաեւ  առաջարկել էր որոշակի սահմանափակումներ մտցնել հրավառական նյութերի ներմուծման հարցում, ինչպես նաեւ սահմանել, որ դրանց օգտագործման թույլտվությունը կարող է տալ համայնքի ավագանին` բացառիկ դեպքերի, տոների, համայնքային միջոցառումների համար: Տիգրան Ավինյանը հայտնել է, որ լրամշակվելուց հետո օրենսդրական նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Քննարկմանը մասնակցող պատգամավորները կարեւորել են օրենսդրական նախաձեռնության ընդունումը: Անհրաժեշտ է համարվել արգելել հրավառական նյութերի ազատ վաճառքն ու օգտագործումը, ընդգծվել է խախտումների պարագայում տուգանքների էապես մեծացման կարեւորությունը:

Պատգամավորները նաեւ առաջարկներ են ներկայացրել:

Ամփոփելով քննարկումը` Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ առաջիկայում մասնագետների հետ կանցկացվեն քննարկումներ, այնուհետեւ աշխատանքը կշարունակվի Կառավարության գործընկերների հետ:
 


31.08.2022
Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա են. Վլադիմիր Վարդանյան
Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական հարաբերությունները եւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա են: Այս մասին ասել է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 31-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստոֆ...