Տպել
22.08.2022
Խորհրդարանում մեկնարկել են «Ամառային դպրոցի» դասընթացները
1 / 26

Օրերը, որոնք անցկացնելու եք Ազգային ժողովում, ձեզ համար կլինեն վճռորոշ. դուք ձեր ապագան կերտելու լավագույն հնարավորությունն ունեք. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը՝ ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին խորհրդարանում: Նա տեղեկացրել է աշակերտներին, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքն աշխարհում օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ կառույցներից չորրորդն է:

Օգոստոսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Ծրագրին մասնակցում է մրցութային փուլը հաղթահարած Հայաստանի Հանրապետության ավագ դպրոցների շուրջ 48 աշակերտ:

Վաղ առավոտից աշակերտները մեծ ոգեւորությամբ սպասում էին դասերի մեկնարկին՝ կազմակերպիչներին հղելով ամենատարբեր հարցեր. մեկն ուզում էր տեսնել վերանորոգված զինանշանը, մյուսը հետաքրքրվում էր, թե ինչ եղանակով կարելի է մասնակցել օրենքներ գրելու գործընթացին:

«Եթե դպրոցական տարիքում ինձ նման հնարավորություն ընձեռվեր, ապա, անկասկած, ես էլ ձեզ նման բաց չէի թողնի պետության հիմունքների եւ օրենսդիր մարմնի կառուցվածքի, գործունեության եւ լիազորությունների վերաբերյալ տեսական եւ գործնական գիտելիքներ ստանալու այս հնարավորությունը»,- ողջունելով աշակերտներին՝ ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Դասընթացների ընթացքում աշակերտները կհանդիպեն պատգամավորների, քաղաքական եւ հանրային հեղինակություն ունեցող անձանց, ԱԺ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի պատմությունը՝ 1918 թվականից մինչեւ մեր օրերը, անդրադարձել Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն աշակերտներին ներկայացրել է ժամանակակից պետության բնութագիրը, անդրադարձել ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, աշխարհիկ պետության տեսությանն ու առանձնահատկություններին: Աշակերտների խնդրանքով հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, Կառավարություն-Ազգային ժողով փոխգործակցությանը:

Աշակերտները նշել են՝ ուրախ են, որ հնարավորություն ունեն մասնակցել «Ամառային դպրոցի» դասընթացներին: Նրանք վստահ են, որ դպրոցն իրենց առջեւ կբացի նոր հորիզոններ, կծանոթացնի կառավարման հմտություններին:

Ծրագրի մասնակիցները շրջայց են կատարել խորհրդարանի շենքի տարածքում, այցելել Ազգային ժողովի թանգարան:

Նշենք, որ «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
 
 
 


22.08.2022
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքի ամփոփում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքի ամփոփում. ութերորդ գումարման երրորդ նստաշրջան   ...