Տպել
06.07.2022
Բաբկեն Թունյանն ու Լիլիթ Կիրակոսյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում ունեցել են մի շարք հանդիպումներ
1 / 1

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում ունեցել են մի շարք հանդիպումներ, քննարկել են տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ:

Հայ խորհրդարանականները հանդիպել են «Գերմանական տնտեսական թիմ» (German Economic Team) վերլուծական կենտրոնի ղեկավար կազմի անդամ Ռիկարդո Ջիուչչիի եւ պրոյեկտ-մենեջեր Դմիտրի Չերվյակովի հետ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ GET-ը, որն այժմ համագործակցում է Կառավարության հետ, հետազոտություններ կանի նաեւ Ազգային ժողովի համար: Նախատեսվում է, որ սեպտեմբերին GET-ի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան:

Բաբկեն Թունյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը հանդիպել են նաեւ Գերմանիայի՝ «Արեւելյան բիզնես» ասոցիացիայի տնօրեն Շտեֆան Քեգեբայնի հետ: Նշվել է, որ ասոցիացիան հոկտեմբերին գերմանացի գործարարների համար այցելություն կկազմակերպի Հայաստան: Հյուրերը հանդիպումներ կունենան նաեւ Ազգային ժողովում եւ խորհրդարանականների հետ կքննարկեն Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

ԱԺ պատգամավորները հյուրընկալվել են Բունդեսթագի՝ տուրիզմի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեին, խոսել հետքովիդյան շրջանում տուրիզմի ոլորտի վերականգնման եւ զարգացման հնարավորությունների մասին: Տիկին Շիմկեն ընդունել է Հայաստան այցելելու հայ խորհրդարանականների հրավերը:

Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, տնտեսական քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհարդ Հուբենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների ներկայիս տնտեսական վիճակին, հնարավորություններին ու ռիսկերին, հայ-գերմանական տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերին: