Տպել
06.07.2022
Սահմանվել են մարդասիրական օգնության կարգով Առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի, պատվերի ձեւավորման, ստացման հաշվառման եւ բաշխման կարգերը
1 / 5

Կուտակելով վերջին տարիներին մարդասիրական օգնության ճանապարհով ստացված դեղերի ամբողջ գործընթացն առավել արդյունավետ դարձնելու փորձը` ձեռնամուխ ենք լինելու Կառավարության որոշման փոփոխությունների` ունենալով ավելի հստակ կարգավորումներ. հուլիսի 6-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են օրենքում առկա բացը լրացնելուն:

Ըստ այդ փոփոխությունների` սահմանվել են մարդասիրական օգնության կարգով ՀՀ առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի, պատվերի ձեւավորման, ստացման հաշվառման եւ բաշխման կարգեր:

Պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմամբ` հարցի կարեւորությունը զգացվել է պատերազմի ժամանակ, երբ մի շարք բարերարներ փորձում էին ՀՀ-ին դեղամիջոցներով օգնել, եւ կարգի վերաբերյալ հարցեր էին առաջանում:

Անահիտ Ավանեսյանի խոսքով` համավարակի եւ պատերազմի ժամանակ գործադիրն ուղեցույց էր պատրաստել, որպեսզի բարերարները հնարավորություն ունենան ամփոփ տեղեկատվություն ստանալ, թե ինչպես կազմակերպեն հումանիտար աջակցության փոխանցումը ՀՀ-ին: Ամփոփվել են առկա բացերը, եւ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ` մշակված փոփոխություններով ավելի ճիշտ կհասցեագրվեն խնդիրներն ու կդյուրացվեն գործընթացները: Փոփոխություններն իրականացնելուց հետո Կառավարության որոշումով կփոփոխվեն ուղեցույցները, եւ կիրականացվի տեղեկատվական արշավ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը տեղեկացրել է, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: