Տպել
06.07.2022
Օրենսդրական կարգավորմամբ «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության գործառույթը կիրականացնի Ֆինանսների նախարարությունը
1 / 6

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալություն է: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով` պետական մարմնի կառուցվածքում, ի թիվս այլ միավորների, կարող են ընդգրկվել միայն կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաեւ գրասենյակները: Այսինքն՝ օրենսդիրը պետական կառավարման համակարգի մարմինների կառուցվածքում «գործակալություն» կառուցվածքային միավոր չի նախատեսել:

Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հստակեցնող հարցին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ գործակալություն չի լինելու, գործառույթն իրականացնելու է Ֆինանսների նախարարությունը՝ իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: