Տպել
06.07.2022
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները
1 / 5

Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակները հստակեցնելու նպատակով Կառավարությունը լրացում է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` չնայած օրենքով սահմանված է` ռեֆերենս լաբորատորիան Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա է, որը մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշներով մասնագիտացված չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն եւ կոմպետենտություն, այդուհանդերձ, գործող օրենսդրությամբ ամրագրված չեն ռեֆերենս լաբորատորիների գործունեության շրջանակները, ինչպես նաեւ դրանց դադարեցման հիմքերը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները, հետազոտության ռեֆերենսության վիճարկման հիմքերը, ռեֆերենս եւ ընթացիկ գործառույթների շրջանակները, ինչպես նաեւ ֆինանսավորման հիմքերը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում առաջարկող օրինագիծը: