Տպել
04.07.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է հստակ ամրագրել, որ պետական սահմանին գործառույթներ են իրականացնում բացառապես ազգային անվտանգության մարմինների սահմանապահ զորքերը եւ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները: Բոլոր տեսակի այլ սահմանային վերահսկողական կամ հսկողական գործառույթներն օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում կիրականացվեն ԱԱԾ-ի կամ մաքսային մարմինների միջոցով: Կառավարության որոշմամբ՝ առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ:

Որպես մաքսային մարմինների սահմանային վերահսկողության գործառույթ՝ նախատեսվում է ավելացնել նաեւ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթները:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Կառավարությունն առաջարկել է նաեւ համալրել օրենսդրական փաթեթը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, քանի որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինները քննում են օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախատումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում:

ՀՀ ՊԵԿ նախագահի հավաստմամբ՝ այս առաջարկությունը նույնպես ընդունվել է:

Հանձնաժողովականներն օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման  է ներկայացրել ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ նրա, ուղղված է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունների, պարտականությունների ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունների հստակեցմանը, ինչպես նաեւ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգի սահմանմանը:

Նունե Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է իրավական տեխնիկայի վերաբերյալ եւ խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: