Տպել
04.07.2022
«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ
1 / 6

44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում գործող վերականգնողական կենտրոնները մեծ զարգացում են ապրել, ձեւավորվել են նաեւ նորերը. նշել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հունիսի 4-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում` պատասխանելով հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը բավարար ջանքեր գործադրել է Կուրորտաբանության ինստիտուտի կայացման հարցում եւ արդյո՞ք հնարավոր չէ այն պահպանել: Փոխնախարարն ընդգծել է, որ թե' Երեւանում, թե' մարզերում գործող բժշկական կենտրոնների վերականգնողական բաժանմունքներն իրենց արդիականությամբ ճնշում են «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ին, դրանից բացի` նախորդ տարիներին կենտրոնի վրա որեւէ ներդրում չի իրականացվել, շենքային պայմաններն էլ բարվոք չեն. վերանորոգման կարիք կա:

Նշենք, որ օրինագծով «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում` գործունեության ուղղությունը փոխելու հնարավորությամբ:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկել է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի ցանկից` ամրագրելով պրոֆիլի պահպանմամբ մասնավորեցում:

Փոխնախարարի գնահատմամբ` պրոֆիլի պահպանումը կդժվարացնի սեփականաշնորհման գործընթացը. գնորդներ չեն լինի: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, անդրադառնալով հանձնաժողովի նախագահի առաջարկին, նշել է, որ գնորդը պարտավորված չէ փոխելու ուղղությունը, կարող է նաեւ պահպանել պրոֆիլը: Փոխնախարարը համաձայնել  է հանձնաժողովի նախագահի առաջարկին, որը քվերարկությամբ ընդունվել է:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ հետպատերազմական շրջանում հասարակության մոտ անխուսափելիորեն նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Մեծ նշանակություն ունի նաեւ հետքովիդային համախտանիշը: Ուստի, հետպատերազմական եւ հետքովիդային իրավիճակով պայմանավորված` նեւրոտիկ, սթրեսային եւ սոմատոֆորմ խանգարումների հետեւանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության եւ վերականգնման իրականացումը, խանգարումների ժամանակին եւ պատշաճ բուժումը, ինչպես նաեւ սահմանային վիճակում գտնվող պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը չափազանց կարեւոր են` պացիենտի լրիվ առողջացման եւ հիվանդության քրոնիկ ընթացքի հնարավորինս բացառման նպատակով:

Նախաձեռնությամբ առաջարկվում է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից` այն թողնելով ամբողջությամբ պետական մասնակցությամբ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Գործադիրն առաջարկում է նաեւ լրացում կատարել «Դեղերի մասին» օրենքում եւ ամրագրել դրույթ, ըստ որի` Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել հումանիտար ծրագրերի շրջանակում ներմուծվող չգրանցված դեղերի շրջանառության լիարժեք կարգավորումը:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով էլ առաջարկվում է վերոնշյալ օրենքում ավելացնել նոր հոդված, որը կանոնակարգելու է առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների գործունեությունը:

Օրենքների նախագծերը եւս ստացել են դրական եզրակացություններ: