Տպել
01.07.2022
Քննարկվել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու հարցը
1 / 3

Ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել՝ օրակարգում ունենալով 2 հարց: Քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ է:

Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ Իշխան Սաղաթելյանն այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ. օգոստոսի 6-ին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը՝ հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է, որ ԱԺ նախագահի 3 տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված ընդդիմադիր պատգամավորների թվից:

Իշխան Սաղաթելյանը 2022 թ. հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թ. առաջին օրացուցային կիսամյակի նիստերի 342 քվեարկությունից ունեցել է 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից առայսօր գումարել է 25 նիստ, որից միայն 7-ին է ներկա եղել Իշխան Սաղաթելյանը: Այսինքն՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Փոխխոսնակի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել նրան ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը եւ լիազորությունների պատվիրակումը, ինչի հետեւանքով նաեւ չեն իրացվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված դրույթները:

Արուսյակ Ջուլհակյանը նաեւ ներկայացրել է ընդդիմության կազմակերպած հանրահավաքների ժամանակ Իշխան Սաղաթելյանի հնչեցրած վիրավորական, ինչպես նաեւ ատելություն սերմանող  արտահայտությունները եւ նրա կողմից բախումներ հրահրելու դեպքերը՝ երթերի ընթացքում:

«ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը չի կատարում եւ չի ցանկանում կատարել՝ որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ՝ Սահմանադրությամբ եւ այլ  օրենքներով իրեն վերապահված գործառույթները: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ ԱԺ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով Ազգային ժողովի բնականոն  գործունեությունը»,-ընդգծել է զեկուցողը:

ԱԺ որոշման վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ ելույթներ չեն եղել: Քննարկմանը չեն մասնակցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Ելույթի իր իրավունքից Իշխան Սաղաթելյանը չի օգտվել: