Տպել
27.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
1 / 3

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի, Կարեն Հովհաննեսի Թումանյանի եւ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի թեկնածությունները: 
 
Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը քննարկել է հունիսի 27-ին հրավիրած արտահերթ նիստում:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Լիզա Գրիգորյանի , Կարեն Թումանյանի եւ Լիպարիտ Մելիքջանյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:

Լիզա Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանում դատավորների թեկնածուների ելույթները փաստում են պետության երեք իշխանությունների համագործակցությունը եւ ընդհանուր առաքելությունը` ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Թեկնածուն ներկայացրել է իր պատկերացումները, թե ինչպես պետք է համագործակցեն իշխանության երեք ճյուղերը եւ ինչպես պետք է Վճռաբեկ դատարանի դատավորը հադես գա եւ պատասխանատվություն կրի դատական իշխանության առջեւ դրված խնդիրների համար:

Մյուս թեկնածուն` Կարեն Թումանյանը, կարեւորել է արդար դատաքննության իրավունքի ապահովումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր անձի իր խախտված կամ ենթադրյալ խախտված իրավունքների վերաբերյալ վեճը բարձրացնել արդարադատության մարմնում: Թեկնածուի խոսքով` մինչեւ հեղափոխությունը մեր երկիրը գրեթե չի ունեցել դատական իշխանություն: «Արդարադատությունը պետք է լինի թափանցիկ, հասանելի, տեսանելի եւ անպայման վստահելի»,- ընդգծել է զեկուցողը: Կարեն Թումանյանը պատրաստակամություն է հայտնել իր գիտելիքները եւ փորձը ներդնել` ի շահ դատական իշխանության զարգացման:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը նշել է, որ իր ելույթում ձեռնպահ կմնա դատարանների անկախության, դատական իշխանության կամ ընդհանրապես իրավական երեւույթների վերաբերյալ դասախոսության տպավորություն թողնող իրավական վերլուծություններ կատարելուց: Լիպարիտ Մելիքջանյանի խոսքով` ԲԴԽ-ն այս ընթացքում պատվով կատարել է այն առաքելությունը, որն իր առջեւ դրված է եղել օրենքով: «Կարող եմ փաստել, որ գեթ մեկ օր որեւէ իրավական ակտ չի ուշացել սահմանված ժամանակացույցից»,- ընդգծել է նա:

Թեկնածուն հավելել է, որ այս ընթացքում հետամուտ են եղել դատական բարեփոխումների իրականացմանը: