Տպել
27.06.2022
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
1 / 4

Հունիսի 27-ին գումարված արտահերթ նստաշրջանում պատգամավորները քննարկել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի եւ Արթուր Պողոսյանի թեկնածությունները: Ներկայացված երեք թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հակոբ Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հակոբ Գրիգորյանի կենսագրությունը` այստեղ:

Թեկնածու Հակոբ Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային գործունեությունը, նշել, որ ընտրվելու դեպքում փորձելու է օգտակար լինել` բարելավելու համար վարչական համակարգը: Ըստ նրա` վարչական  համակարգը բարեփոխման կարիք ունի, եւ դա նկատում են նաեւ քաղաքացիները: «Մենք փորձում ենք ավելի կատարյալ դարձնել վարչական համակարգը, սակայն ոչ մեկս չենք նկատել կամ նկատել ենք, բայց չենք ասում, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 1986 թ.: Ստացվում է` երեւի միակ օրենքներից է, որ խորհրդային ժամանակներում է ընդունվել, եւ անընդհատ փոփոխություն մտցնելով` փորձում ենք մեզ հարմարեցնել խորհրդային օրենսդրությանը: Մենք ունենք անելիք դեռ ամենասկզբից»,- մասնավորապես, ասել է նա:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանի թեկնածությունը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանի կենսագրությունը` այստեղ:

Թեկնածուի դիտարկմամբ` էական նշանակություն ունի բարձրագույն ատյանում առանձին` Վարչական պալատի ստեղծումը: Նրա խոսքով` Վարչական պալատի ստեղծումն անհրաժեշտ գործիքակազմ է հանդիսանալու` ուղղված հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց վարչական արդարադատության առջեւ ծառացող եւ վարչադատավարական առանձնահատկությունների հաշվառմամբ լուծում պահանջող խնդիրների լուծմանը: Ըստ նրա` այն նպաստելու է վարչաիրավական հարաբերություններում առկա խնդիրների բարձր ատյանի կողմից արագ արձագանքմանը: Ելնելով Վճռաբեկ ատյանի գործունեության եւ դատաիրավական համակարգում դերի առանձնահատկությունից` Վարչական պալատի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվելու թոթափելու ծանրաբեռնվածությունն Առաջին եւ Վերաքննիչ վարչական ատյաններում:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Պողոսյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Պողոսյանի կենսագրությունը` այստեղ:

Արթուր Պողոսյանի խոսքով` մոտ երեք տասնամյակ Հայաստանում իրականացվել եւ իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ, որոնց գլխավոր նպատակը իշխանության թեւերից մեկի` դատականի գործունեության բարելավման եւ կատարելագործման համար համարժեք պայմաններ ստեղծելն է: «Այս տարիներին մենք, իհարկե, ունեցել ենք տեսանելի արդյունքներ, սակայն անելիքներ դեռ կան»,- ընդգծել է թեկնածուն: Նա նշել է, որ վարչաիրավական բնագավառում ունեցած մասնագիտական հմտությունները եւ փորձը թույլ են տալիս իրեն հավակնել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնին:

Մտքերի փոխանակության փուլում անդրադառնալով դատավորի հեղինակությանը եւ վարվելակերպին` պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է գործընկերների այն պնդումների հետ, որ Հայաստանի անկախացումից ի վեր դատավորի դրական կերպարի հանրայնացման ուղղությամբ աշխատանքներ գրեթե չեն իրականացվել:  «Ցավոք, դատական իշխանության պարագայում գեթ մեկ դատավորի մեկ սխալ արտահայտությունը ստվեր է գցում ամբողջ դատական իշխանության վրա»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը եւ կարեւորել այն հանգամանքը, որ դատավորների ինքնակառավարման մարմինները պետք է ավելի ուշադիր լինեն դատավորների վարքագծին: