Տպել
27.06.2022
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները
1 / 4

Հունիսի 27-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է  Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թեկնածուների ընտրության հարցը:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ներկայացրել է Արթուր Առաքելյանի , Արա Բաբայանի եւ Արծրուն Միրզոյանի կենսագրական տվյալներն ու անցած ուղին:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արթուր Առաքելյանը, ներկայացնելով իր տեսլականը, նշել է, որ իշխանությունների տարանջատման իդեալական կամ գրեթե իդեալական մոդելը ենթադրում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների օրենսդրորեն հավասարակշռված ինքնուրույնություն, երբ պետական մարմիններից յուրաքանչյուրն իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները՝ չփոխարինելով մեկը մյուսին, բայց եւ երաշխավորելով ոչ միայն իր, այլեւ իշխանության մյուս ճյուղերի արդյունավետ գործառնությունը: «Իշխանությունների տարանջատման սկզբունքի կենսագործման վերջնանպատակը պետական իշխանության միասնական ապահովումն է՝ կանոնակարգված սահմանադրական կառուցակարգեր ստեղծելու միջոցով»,-ասել է Արթուր Առաքելյանը:

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է վեթինգի վերաբերյալ թեկնածուի կարծիքով: Արթուր Առաքելյանը նշել է, որ առաջնային է հասկանալ, թե ինչ է առհասարակ իրենից ներկայացնում վեթինգը, որից հետո նոր միայն հասկանալ՝ դրա կիրառումն անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: «Իմ կարծիքով՝ համատարած գործողություններ կատարել ցանկացած հարցի վերաբերյալ ճիշտ չէ, պետք է ցանկացած հարցի, ցանկացած մարդու ցանկացած խնդրի մոտենալ կոնկրետ այդ խնդրի հետ կապված հարցերով: Յուրաքանչյուր մարդու վերաբերյալ պետք է լինի անհատական մոտեցում»:

Հաջորդ թեկնածուն՝ Արա Բաբայանը, նշել է, որ Վարչական պալատի կենսագործումը նպաստելու է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով լիարժեքորեն իրականացնել Վճռաբեկ դատարանի առաքելությունը՝ ապահովելու օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաեւ վերացնելու մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները: Արա Բաբայանն այդ կարեւորագույն առաքելության իրականացման հարցում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել:

Երրորդ թեկնածու Արծրուն Միրզոյանը եւս կարեւորել է Վճռաբեկ դատարանի կազմում առանձին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումը: Նա անդրադարձել է վարչական դատարանի գործունեությանը, դատական նախադեպի ինստիտուտի առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքները վարույթ ընդունելու հարցին, բարձրաձայնել դատավորի բարեվարքությունը բնորոշող իր պատկերացումները: Թեկնածուի խոսքով՝ արդարադատության մատչելիության իրավունքը պետք է լինի իրական եւ արդյունավետ: Անձը պետք է հնարավորություն ունենա վիճարկելու իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող ցանկացած միջամտություն:

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Սերգեյ Բագրատյանի՝ թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են դատարանների բեռնաթափման հարցում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դերակատարությանը, դատական գործերի ձգձգման պատճառներին, ինչի պատճառով հանրության շրջանում համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձեւավորվում: