Տպել
22.06.2022
Մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների. Վլադիմիր Վարդանյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում:

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ նախագահող,

տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ եւ հանգիստ ժամանակներ: Մենք, իսկապես, հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից եւ արհավիրքից: Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա:

Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ եւ անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում եւ նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրանց վրա: Ինչո՞ւ էինք մենք անտարբեր եւ խուլ՝ իմանալով, հետեւելով եւ կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում եւ այլուր զինված հակամարտությունների մասին:

Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան: Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով մեզանից շատ հեռու էին տեղի ունենում: Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում: Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը՝ մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը եւ վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ եւ պաշտպանված պետությունները: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնարար իրավունքներից եւ օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու հարցում, որոնք խարխլում են խաղաղության եւ կայունության հիմքերն ու պարարտ հող ստեղծում պատերազմի համար:

Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, որոնք խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը եւ մարդկային արժանապատվության պահպանումը:

Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների, կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլեւ՝ լսումների:

Մի՛ եղեք կույր, մի՛ եղեք լուռ, եւ, խնդրում եմ, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...