ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հունիսի 14-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար Նիկլավս Նեիմանիսը, Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդ Լեւրենսը եւ Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հետ հարաբերությունները՝ որպես Եվրոպայում կարեւոր գործընկերոջ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա: «Մենք հանձնառու ենք խորացնել եւ ընդլայնել Լատվիայի հետ փոխշահավետ միջպետական համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ պատվիրակության այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մակարդակը պետք է ավելի ակտիվ լինի: Նա կարեւորել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ շփումները եւ հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանն առաջիկայում կնշանակի բարեկամական խմբի նոր ղեկավար:
Հայկական կողմն անհամբեր սպասում է խորհրդարանականների փոխայցելություններին, որոնք նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական կապերին:
Անջեյս Վիլումսոնսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Տեւական ժամանակ անց՝ սա իմ երկրորդ այցն է Հայաստան, եւ խորապես տպավորված եմ զարգացման նման աճով: Շատ է գեղեցկացել Երեւանը»,- ասել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը: Նա նշել է, որ անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար:
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո նկատելի են Հայաստանում ժողովրդավարության արժեքների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված քայլերը:
Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմին եւ դրանից բխող հումանիտար հետեւանքներին, հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց հայրենադարձության եւ Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերը:
Կողմերը քննարկել են ԵՄ երկրների հետ հարաբերություններին, տարածաշրջանում անվտանգության պահպանմանը վերաբերող հարցեր: