Խորհրդարանը հունիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը միտված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Արձանագրությունը մանրամասն կանոններ է սահմանում երկու կողմերից իրավասու մարմինների, հաղորդակցության միջոցների, սահմանային անցման կետերի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի, հետընդունման արագացված եւ տարանցման ընթացակարգերի, սխալմամբ կատարված հետընդունման վերաբերյալ, ուղեկցման, դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող գործողությունների, ծախսերի եւ պարբերական խորհրդակցությունների վերաբերյալ: Այն ուժի մեջ է մտնելու ՀՀ-ԵՄ Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի երկու կողմերի ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցմանը հաջորդող 30-րդ օրը:
Նախագծին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: