Տպել
25.05.2022
Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանն աշխատանքային այցով Լիտվայում են
1 / 7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 24-25-ն աշխատանքային այցով եղել են Լիտվայի Հանրապետությունում:

Հայ խորհրդարանականները Վիլնյուսում հանդիպել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Լաուրինաս Կաշունասի, Սեյմասի Լիտվա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի, ԵԱՀԿ ԽՎ-ում Սեյմասի պատվիրակության ղեկավար Վիլիյա Ալեկնայտե Աբրամիկիենեի, Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի, Սեյմասի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Լայմա Լյուսիյա Անդրիկիենեի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հետպատերազմյան իրավիճակին, հայաստանյան ժողովրդավարությանը, հակակոռուպցիոն գործիքակազմին, ԼՂ հակամարտությանը, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է Հարավային Կովկասում եւ Հայաստանում տիրող իրական իրավիճակը լիտվացի գործընկերներին ներկայացնելու կարեւորությունը: Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության համատեքստում ՀՀ իրականացրած քայլերը եւ շեշտել, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ներքաղաքական լարվածությանը՝ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2021 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիներն իրենց ձայնն են տվել խաղաղության օրակարգին:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն գործիքակազմի եւ համակարգի ձեւավորմանն ուղղված քայլերն ու արձանագրած հաջողությունները:

Ընդգծելով, որ անվտանգությունն ու ժողովրդավարությունը սերտ փոխկապակցված են՝ Մարիա Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցակարգերի արմատավորման համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմյան իրավիճակին, մեդիամանիպուլյացիաներին, կեղծ լուրերին եւ դրանց ազդեցությանը:

Էդուարդ Աղաջանյանը հավաստիացրել է, որ երկարատեւ խաղաղության օրակարգը հիմնաքարային է ՀՀ իշխանության համար, ինչին ուղղված գործնական քայլերը նկատելի չեն Ադրբեջանի կողմից: Մանրամասնելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման տարբեր ծավալների եւ մասշտաբի դեպքերը՝ նա ներկայացրել է Ադրբեջանից Արցախ անցնող գազատար խողովակի փակման դեպքը, որի հետեւանքով Արցախի բնակչությունը հումանիտար ճգնաժամի մեջ էր հայտնվել: