Տպել
26.05.2022
Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալն այցելել է խորհրդարան
1 / 4

Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որին մասնակցել է նաեւ մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը:

Իրենա Դիմիտրովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ տպավորված է գեղեցիկ Երեւանով. սա իր առաջին այցն է Հայաստան:

Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են բուլղար եւ հայ ժողովուրդների պատմական եւ մշակութային բազմամյա կապերի վրա:

Անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին՝ Իրենա Դիմիտրովան կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջեւ: Նրա խոսքով՝ հայկական համայնքի ներկայացուցիչները Բուլղարիայում առանցքային նշանակություն ունեն իրենց մշակույթով եւ  ինքնությամբ:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Արժեւորվել է տարածաշրջանում անվտանգությունը եւ խաղաղությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի, Արցախի պատմամշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման հարցերին:

Իրենա Դիմիտրովան նշել է, որ Բուլղարիան էլ պատմության ընթացքում ունեցել է ցավալի էջեր, երբ իր մշակութային արժեքները ոչնչացվել են այլ երկրներում: Նա հավելել է, որ իրենք անպայման ուշադրություն կդարձնեն այդ հարցին:

Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ, մասնավորապես, ՏՏ ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:


26.05.2022
Հայկական տաք գույներ ու արեւի ջերմություն` խորհրդարանում ներկայացված կտավներում
Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգեւոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարեւորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առաքելություն` նպաստելու հասարակական կյանքի զարգացմանը, մշակութային միջավայրի ձեւավորմանը, հանրայնացնելու ժամանակակից արվեստը եւ նպաստելու արվեստի ու մշա...

26.05.2022
Հարցի լուծման բանալին ներքին համախմբումն է եւ հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքը. Վլադիմիր Վարդանյան
Մայիսի 26-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները, որին մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Անդրադարձ է եղել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ հայտարարության մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դ...