Մայիսի 26-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները, որին մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Անդրադարձ է եղել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ հայտարարության մասով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը:
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նկատել է, որ դեռեւս միայն հայտարարություն է հնչել: Նրա խոսքով՝ երբ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ նախագիծը մուտք կարվի Ազգային ժողով, այդ ժամանակ խմբակցությունը նիստին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի: Պատգամավորն անընդունելի է համարել այս օրերին ընդդիմության հռետորաբանությունը եւ օգտագործվող բառամթերքը:
Ծովինար Վարդանյանի գնահատմամբ՝ կամակորության եւ կամայականության լեզվով չի կարելի խոսել իշխող կուսակցության քաղաքական թիմի հետ՝ ասելով, որ միայն իրենց օրակարգով կգան: «Գոյություն ունեն օրակարգեր, որոնք այսօր երկրի համար կարեւոր են, այդ օրակարգերով Ազգային ժողովն առաջ է շարժվում եւ, այո՛, զուգահեռ իրականությունից պետք է վերադառնալ իրականություն եւ գալ այստեղ»,- ընդգծել է ՔՊ ներկայացուցիչը:
Վլադիմիր Վարդանյանն էլ կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմությանն անհրաժեշտ է վերադառնալ Ազգային ժողով, քանի որ ՀՀ քաղաքացիներն են լիազորել պատգամավորներին իրականացնելու իրենց գործունեությունը: «Կվերադառնան` շատ լավ, չեն վերադառնա, թող ընտրողն իմանա, թե ում հետ գործ ունի»,- ասել է նա եւ հիշեցրել, որ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահը, ով ի պաշտոնե կոչված է ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, չի կատարում իր պարտականությունները: Երեք կարեւորագույն հանձնաժողով նախագահում են ընդդիմադիր գործընկերները:
«Եթե ուզում ենք հարց լուծել, ապա հարցը լուծելու բանալին ներքին համախմբումն է եւ երկրից դուրս տարբեր ատյաններում հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքը, որ կարողանանք, իրոք, ունենալ միջազգային հանրության այնպիսի ընկալում, որը լինի առավել քան պրոհայկական: Այն, ինչ այսօր է իրականացվում, ցավոք, ավելի ու ավելի է թուլացնում այդ դիրքերը»,-շեշտել է Վլադիմիր Վարդանյանը:
ՔՊ ներկայացուցիչը հռետորական հարց է հնչեցրել. «Արտասահմանում վարչապետի այցերն ուղեկցվում են փոքրիկ պիկետներով, որտեղ քննադատություն է հնչում: Այդ նույն բանը մի անգամ Էրդողանի կամ Ալիեւի այցի ժամանակ կազմակերպե՞լ եք»:
Լրագրողը հետաքրքրվել է ԶԼՄ օրենքում կատարված վերջին փոփոխություններով՝ նշելով, որ աշխատանքային գոտում խախտումներին վերաբերող խնդիրները կարգավորվում են այլ օրենքներով:
Նախաձեռնության համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ խախտումների վերաբերյալ նախազգուշացում տրվել է նաեւ մինչ այս օրենսդրական փոփոխությունը եւ ոչ թե քաղաքական մարմինների, այլ ԱԺ աշխատակազմի կողմից: Այսինքն՝ անկախ քաղաքական ուժերի ներկայացվածությունից՝ աշխատակազմը կատարում է իր լիազորությունները: Պատգամավորի կարծիքով՝ խոսքը հավատարմագրման կարգում ամրագրված՝ պետական մարմնում աշխատանքային գոտու կանոնների մասին է, որոնց լրագրողները ծանոթ են: Արթուր Հովհաննիսյանը բացառել է հայեցողությամբ լրագրողի հավատարմագրման դադարեցումը: «Մենք խոսում ենք աշխատանքային կանոնների պահպանման մասին»,- եզրափակել է նա:
Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալն այցելել է խորհրդարան
Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարի...
Հայկական տաք գույներ ու արեւի ջերմություն` խորհրդարանում ներկայացված կտավներում
Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգեւոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարեւորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առաքելություն` նպաստելու հասարակական կյանքի զարգացմանը, մշակութային միջավայրի ձեւավորմանը, հանրայնացնելու ժամանակակից արվեստը եւ նպաստելու արվեստի ու մշա...