Տպել
25.05.2022
Գաղափարական եւ քաղաքական հիմք տեղական ինքնակառավարման մարմինների համար
1 / 1

Սա համակարգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ թույլ կտա ներդաշնակեցնել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների համար գաղափարական եւ քաղաքական հիմքն են. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` երկրորդ ընթերցմամբ  ներկայացնելով ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Քննարկումը տեղի է ունեցել մայիսի 25-ի հերթական նիստում:

Հիմնական զեկուցողը նշել է, որ բովանդակային առումով խնդիրը վերաբերում է համայնքային բյուջետավորման գործընթացում միջնաժամկետ  ծախսային ծրագրի գաղափարին, եւ այն որպես փաստաթուղթ ներմուծմանը: «Պետական բյուջեի մակարդակով միջնաժամկետ ծախսային ծրագիր ունենալուն զուգահեռ, թերեւս տրամաբանական կլիներ, որ ֆինանսական հոսքերի նման կարճաժամկետ պլանավորում ունենայինք նաեւ համայնքային բյուջեների մակարդակում: Սակայն, մինչ այժմ ձեռնպահ ենք մնացել, որովհետեւ համայնքներն իրենց չափերով, բյուջեների մեծությամբ եւ ունակություններով միշտ չէ, որ համաչափ էին»,- ասել է Վաչե Տերտերյանը:

Ըստ գործադիրի` արդեն իսկ իրականացված բարեփոխումների արդյունքում, ունենք համադրելի եւ համաչափ համայնքներ, ունակություններ եւ բյուջեներ, եւ հնարավոր է դարձել միջնաժամկետ ֆինանսական պլանավորում ունենալ նաեւ համայնքներում: Գործընթացը կլինի զուգահեռ եւ համահունչ: Տարեսկզբին բյուջետային համակարգի մասին նկարագրված ժամանակացույցով կկարգավորվեն նաեւ համայնքների համար անհրաժեշտ ելակետային տվյալները եւ Կառավարության` միջնաժամկետ ծախսային ծրագիրն ԱԺ-ին ներկայացնելու պահից սկսած` մեկ ամսում համայնքները կունենան իրենց միջնաժամկետ ծախսային ծրագրերը: Ծրագրերի մշակումը համայնքներում կսկսվի այս տարի, որպեսզի 2023 թ. դրանք արդեն առկա լինեն? Մինչեւ օգոստոսի 10-ը Ֆինանսների նախարարությունը կմշակի մեթոդական ուղեցույցները, որոնք կտրամադրվեն համայնքներին: Իսկ համայնքները մինչեւ սեպտեմբերի 10-ը կունենան միջնաժամկետ ծախսային ծրագրերը:

Նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Տեղեկացվել է, որ կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Համահեղինակը նշել է, որ լրագրողական կազմակերպությունների հետ ձեւավորվել է լավ համագործակցություն, որի շրջանակում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ավելի բարելավել ԶԼՄ օրենքը:

Գլխադասային` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ` Կառավարության առաջարկով օրենքի գործողությունը կտարածվի ոչ միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քրեական գործերի, այլ նաեւ` ընթացիկ գործերի նկատմամբ:

Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում կատարվող լրացումը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ նախագիծը միտված է քրեակատարողական հիմարկներում այս պահին պատիժը կրող դատապարտյալների համար կրթական գործընթացներին մասնակցելու հնարավորության ընդլայնմանը: Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
 


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...