Տպել
25.05.2022
Հանձնաժողովը քննարկել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը
1 / 3

«ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով  (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը կքննարկվի հունիսի 10-ին` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Որոշումն ընդունվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը ստացել է 37 հարցում, որից 15-ը` պատգամավորներից, 5-ը` խմբակցություններից, 17-ը` մշտական հանձնաժողովներից:

Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել  եւ ՀՀ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու  խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին տրամադրվել է 117 տեսակի համեմատական վերլուծություններով տեղեկանք: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ պետական բյուջեների հարկային եկամուտներին, ծախսերին, ՀՀ պետական պարտքին եւ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին: Որպես նոր տեղեկատվություն` ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված միջոցների եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ  ինֆոգրաֆիկ պատկերներով վերլուծական տեղեկանքներ են պատրաստվել ու տրամադրվել շահառուներին:

Գագիկ Բարսեղյանի խոսքով` Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում:

Այլ երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության շրջանակում «Միջազգային հանրապետական ինստիտուտի» աջակցությամբ Բյուջետային գրասենյակը սկսել է համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի հետ. մարտի 15-ին եւ 30-ին Աժ եւ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակների միջեւ տեղի են ունեցել հեռավար քննարկումներ: Ներկայացվել է երկու գրասենյակների գործունեության շրջանակը: Հայ գործընկերներն առավել մանրամասն ծանոթացել են ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կողմից մատուցված ծառայություններին:

Զեկուցողը տեղեկացրել է, որ համագործակցելու հեռանկարների վերաբերյալ հեռավար քննարկումներ են եղել նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անկախ ֆինանսական ինստիտուտների ցանցի պատասխանատուների հետ: Պայմանավորվածություն կա հեռավար քննարկում կազմակերպել Իռլանդիայի խորհրդարանական բյուջետային գրասենյակի հետ:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել Բյուջետային գրասենյակի աշխատանքը: Նա  առաջարկել է ակտիվացնել եւ էականորեն մեծացնել աշխատանքների ծավալը` հիմնավորված  ավելացնելով  մասնագիտացում ունեցող փորձագետների հաստիքներ: Գեւորգ Պապոյանը նաեւ  կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Անդրադառնալով Ավստրիա կատարած վերջին այցելությանը` նա նշել է, որ տվյալ երկրի փորձն ու հետաքրքիր գաղափարները կարելի  է կիրառել  նաեւ Հայաստանում: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է գույքագրել առկա խնդիրների, հարցերի շրջանակը եւ որոշակի եզրակացության հանգելով` պատշաճ նախապատրաստվել աշնանային նստաշրջանին: