Տպել
24.05.2022
Կարեւորվել է խորհրդարանի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ օրակարգերի առաջմղման գործընթացում
1 / 5

Մենք փորձում ենք համագործակցել մեր բարեկամների, այդ թվում` Հայաստանի հետ, օգնել նրանց, որպեսզի կլիմայի փոփոխության կանխարգելման գործընթացները հաջողությամբ պսակվեն. ասել է Կլիմայի փոփոխության համաժողովի` COP26-ի հարցերով Միացյալ Թագավորության տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ,  Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանի, Մերի Գալստյանի եւ Վահագն Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն դեսպան Ջոն Գալագերը եւ դեսպանության առեւտրի եւ զարգացման հարցերի պատասխանատու Արտաշես Դավթյանը:

Դեյվիդ Մորանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստան ուրախությամբ է այցելում: Նա կարեւորել է խորհրդարանի դերակատարությունն ու ուշադրությունը կլիմայի փոփոխության հարցերի օրակարգերի վերաբերյալ:

Բաբկեն Թունյանը կարեւորել է համատեղ եւ համակարգված աշխատանքը` նշելով, որ Հայաստանն իր մասով ստանձնած հանձնառությունները փորձելու է լիարժեք իրականացնել:

Մերի Գալստյանը ներկայացրել է խորհրդարանի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ օրակարգերի առաջմղման գործընթացում`  թե' օրենսդրական դաշտում եւ թե' խորհրդարանական վերահսկողության մասով: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովները մշտապես կապի մեջ են գործադիրի հետ:

Ըստ պատգամավորի` չնայած համավարակի եւ 2020 թ. զինված հակամարտության ճնշող մարտահրավերներին` ՀՀ կառավարությունը շարունակել է կենտրոնացված ուշադրություն դարձնել կլիմայական եւ բնապահպանական օրակարգին: Մասնավորապես, 2021 թ. Կառավարությունն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումներ ( NDC ), Ազգային հարմարվողականության ( NAP ) ծրագրերը:  Նրա խոսքով` Կառավարության` Կլիմայի միջգերատեսչական խորհրդի մասին որոշումն արդյունավետորեն պարզեցրել է կլիմայի հետ կապված որոշումների կայացումը:

Խորհրդարանը հետեւում է նաեւ գործադիրի եռամսյակային, կիսամյակային եւ տարեկան զեկույցների արդյունքներին:

Մերի Գալստյանը կարեւորել է հանրության հետ իրականացվող աշխատանքները, ինչպես նաեւ  այլ խորհրդարանների փորձի ուսումնասիրությունը:

Խոսելով էներգիայի արտադրության մասին` պատգամավորը նշել է, որ մինչեւ 2030 թ. Հայաստանի նպատակն է ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արեւային էներգիայի մասնաբաժնի 15 տոկոսին, իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինը կկազմի 54 տոկոս: Սա համապատասխանում է ԵՄ կանաչ գործարքի սկզբունքներին, որոնք ծառայում են որպես կարեւոր ուղեցույց եւ հավակնությունների սանդղակ Հայաստանի` կանաչ օրակարգի հաստատման եւ կայուն զարգացման ճանապարհին:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերին: